Խորհրդարանում քննարկում են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ կարմիր գծերին վերաբերող օրինագծով առաջարկվում է՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում: Պատգամավորը տեղեկացրեց, որ այժմ շրջիկ մեքենաները շրջելու են և երկու անգամ են լուսանկարելու կայանված մեքենան՝ տարբեր ժամերի: Ըստ պատգամավորի՝ այս առումով քաղաքացիների մի մասը դժգոհել է՝ պնդելով, որ իրենք այդքան չեն կայանել, մի մասն էլ՝ չի հիշում, որ այդքան են կայանել: Գաբրիելյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այդ խնդրին, արձանագրել է, որ եթե օրենքը չի նախատեսում առանձնահատկություն, ապա վարչարարությունը պետք է կայանա ընդհանուր սկզբունքներով: Այն ենթադրում է, որ պետք է վարորդի ներկայությունը պարտադիր լիներ արձանագրություն կազմելիս:
Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում կարմիր գծերը փաստացի կվերանան մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 10-ից: Դրանք կգործեն երկու վարչական շրջանում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:
«Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն կարմիր գծեր, այնտեղ տեղադրված են լինելու տեսախցիկներ, և վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է 15 րոպե առնվազն այդ տեսանյութից»,- ասաց Գաբրիելյանը:
Սակագների վերաբերյալ փոփոխություն չի կատարվել, սակայն նախագծով միայն տարեկան բաժանորդագրության չափն է բարձրացվում: «Սա կապված է մասնավորապես այն խնդրի հետ, որ, օրինակ՝ երբ տնտեսավարողներին, հյուրանոցային կամ այլ գործունեություն ծավալող ընկերություններին, երբ իրենց տարածքի դիմաց տրվում է վարձակալված տարածքներ՝ ավագանու որոշմամբ չի կարող այդ տարածքում 100 հազար դրամից ավելի դրույքաչափ սահմանվել: Այստեղ ավագանին կարծում է, որ անարդար է, որ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, կենտրոնական հատվածներում մեկ տրանսպորտային միջոցի կայանատեղին ամսական 8000 դրամ է: Այսինքն՝ օրական մոտ 260 դրամով կարող եք Կենտրոն վարչական շրջանի ամենաբանուկ հատվածում վարձակալել և ամբողջ տարին այդ կայանատեղին ձերը լինի: Առաջարկ է եղել ավագանու կողմից այդ դրույքաչափը բարձրացնել, նաև նախագծով առաջարկվել է ոչ միայն վարչական շրջանների, այլ նաև ըստ գոտիների սահմանել սակագինը: Ավագանին կորոշի, թե, օրինակ՝ որևէ տնտեսավարողի տալով վճարովի կայանատեղի, ինչպիսի սակագին սահմանել՝ կախված նաև վարչական շրջանի գոտիներից և նաև մինչև 300 հազար դրամ կարող է սահմանել»,- ասաց պատգամավորը: