ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նախօրեին ԱԱԾ-ի մոտ լրագրողների ու ոստիկանների միջադեպին:
«Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ ու շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության, լրագրողների իրավունքների պաշտպանը և լրագրողների գործունեությունը խոչընդոտելու ցանկացած փորձ կդատապարտեմ: Ինչ հիշատակում եք՝ ես կադրերը չեմ տեսել, լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, զուգահեռ լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել»,- ասել է Միրզոյանը:
ԱԺ նախագահը շեշտել է, որ էական են կատարվածի մանրամասները, ու եթե որևէ խախտում կա, պետք է ծառայողական քննություն անցկացվի: Միաժամանակ հավելել է, որ լրագրողների, ինչպես ցանկացած այլ քաղաքացու դեպքում պարտադիր է համընդհանուր կանոնների պահպանումը: