ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց դիմակների շուկայում առկա վիճակը:
Ըստ Գևորգյանի՝ տեղական արտադրության դիմակների առավելագույն արժեքը 100 դրամ է, ներմուծվածների արժեքը՝ մինչև 150 դրամ:
«Ավտոմատ ապարատների միջոցով այսօր նոր խմբաքանակը որ ստանանք՝ արդեն մեծածախի գինը նվազել է դարձել 60 դրամ: Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինը իջեցրել են: Նոր խմբաքանակը որ ստանանք՝ կդառնա երկու հատը առավելագույնը 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվի: Դրանք ստերիլ փաթեթավորված են և հարմար են օգտագործման տեսանկյունից»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ ղեկավարը հավելեց, որ շուտով կավարտեն բոլոր խոշոր դեղատնային ցանցերին առնչվող վարույթները: Գևորգյանն ասաց՝ եթե հաստատվեն գերիշխող դիրքի չարաշահումները, ապա նրանք նաև պատասխանատվության կենթարկվեն:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացառում եմ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով: Այո՛, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, ներմուծման արժեքն է ցածր եղել, համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- նշեց Գևորգյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց՝ ֆինանսական դժվարությունների դեպքում քաղաքացիները կարող են օգտագործել տնային արտադրության դիմակներ, որը սակայն երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին:
«Տեսնում ենք՝ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում՝ կտորից դիմակներ չկրել, եթե հնարավոր է բժշկական դիմակ կրելը, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- կոչ արեց նախարարը: