Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
Ելույթ ունեցավ զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, անդրադարձավ դատարանում Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե ինքը երբեք պատասխանատվությունից չի խուսափել, դա բրենդ է, որ ձևավորվել է իր անվան շուրջ:
Եգորյանի խոսքով՝ Քոչարյանի մատնանշած բրենդը որևէ կերպ չի կարող հնարավորություն տալ՝ գնահատելու, թե որքանով է նա պատրաստ կամ որքանով կպահպանի այն վարքագիծը, որը չպահպանելու ռիսկով էլ այսօր կիրառված է կալանավորում: Նա հիմնավորումներ ներկայացրեց՝ հիշատակելով Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածից դրվագներ, երբ ոտնահարվել է Սահմանադրությունը: Նրա խոսքով՝ մեծ լուսաբանում ստացած իրադարձությունները բավարար են Քոչարյանի բրենդի մասին պատկերացում կազմելու համար:
«Առաջին գործարքը, որը Սահմանադրությանը հակասող էր, բայց Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց, «ԱրմենՏելի» գործարքն էր, որի արդյունքում ՍԴ-ն ճանաչեց օրենքի հակասության փաստը, և անհասկանալի ճանապարհով կորավ 77 միլիոն դոլար գումար, այն ժամանակվա քաղաքական գործիչների կողմից պատասխանատվություն դրվեց, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, հարուցվեց քրեական գործ, բայց գլխավոր դատախազությունը անկարող գտնվեց այդ գործը քննելու, և հարցը փակվեց: Դա 1998 թվականն էր:
Երկրորդ իրադարձությունը Հյուսիսային պողոտայի ունեզրկման պրոցեսն էր: Կրկին գործադիր իշխանության համառ ջանքերի շնորհիվ նույնիսկ ՍԴ-ի իրավական դիրքորոշման առկայության պայմաններում շարունակվեց այդ ունեզրկումը, և այսօր միայն՝ սկսած անցյալ տարվանից, ունենում ենք վճիռներ, որոնք վկայում են այն մասին, որ գործադիր իշխանության ջանքերով, որի գլուխը Քոչարյանն էր, հարյուրավոր մարդիկ ունեզրկվել են, և այդ գործընթացն իրականացվել է հիմնարար իրավունքների խախտմամբ»,- ասաց փաստաբանը:
Ըստ Եգորյանի՝ երրորդ իրադարձությունը 2003-2004 թվականներին էր, երբ կրկին գործադիր իշխանության ջանքերով Ազգային ժողովը տվեց պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, և այդտեղ կարևոր էր Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը:
Տիգրան Եգորյանը հիշատակեց նաև 2003 թ. նախագահի ընտրություններից հետո ՍԴ որոշումը, որում առաջարկվել էր վստահության հանրաքվե անցկացնել, բայց այն այդպես էլ չանցկացվեց: