Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծին, ասաց, որ այն կրթական, լեզվական, մշակութային խնդիրների է անդրադառնում:
«Ընկերությունները, որոնք որ կշահեն լիցենզիա և կստանան հեռարձակման իրավունքը, հանրապետության ողջ տարածքով կամ որոշ սահմանափակումներով նաև պետք է հնարավորություն ունենան հեռարձակվելու ոչ օդային միջոցներով՝ օպտիկական, մալուխային ցանցերի միջոցով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գործող կարգը հնարավորություն է տալիս հանրային մուլտիպլեքսում տեղ ունեցող հեռուստաընկերություններին այս կամ այն վերգետնյա հեռարձակողի օպտիկական կամ մալուխային ցանցի միջոցով չտրամադրել իրենց ունեցած տեղեկությունները:
Ասաց՝ դա որոշ առումով ներառում է բիզնես տրամաբանություն, քանի որ քոնթենթի տերը հեռուստաընկերությունն է: Նախարարը շեշտեց՝ եթե հաշվի առնեն այն, որ լիցենզիա է տրամադրվում հեռուստաընկերություններին նաև հանրային ռեսուրսներն օգտագործելու տեսանկյունից, հանրային սուբսիդավորմամբ պետական ռեսուրսների հաշվին, ապա դրանք պետք է հասանելի լինեն, սփռում ապահովեն այլ ենթակառուցվածքների միջոցով ևս:
Նախարարը օրենքը մշակող պատգամավորների հետ քննարկել է այդ հարցը և առաջարկեց՝ լրամշակումը ևս մինչև երկրորդ ընթերցում ներառել: