ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ կարծիք հայտնեց, որ կարևոր է նախ ընտրվող թեկնածուի քաղաքացիական կամքը:
Պատգամավորը շեշտեց, որ տարիներ շարունակ ՀԾԿՀ-ն ինստիտուցիոնալ առումով եղել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարևոր ենթահամակարգերից մեկը: Ըստ Բաբաջանյանի՝ այն կարևոր պետական ինստիտուտ է, որը կոչված է ապահովելու հանրության շահերի պաշտպանությունը՝ հանրային բարիքներ մատուցող ընկերությունների, տեղական ու օտարերկրյա խոշոր բիզնեսի հետ հարաբերություններում:
«Հանձնաժողովն իր գործունեությամբ գտնվում է մի կողմից հասարակության, մյուս կողմից՝ մենաշնորհ ունեցող խոշոր ընկերությունների, օլիգարխիայի շահերի բախման կետում: Ըստ իր առաքելության՝ այն առաջին հերթին պետք է պաշտպանի հանրության շահերը: Հանձնաժողովի գործունեության անցած տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ այս կառույցը չնչին բացառություններով անվերապահորեն պաշտպանել է կամ օտարերկրյա ընկերությունների, կամ օլիգարխների շահերը»,- շեշտեց Բաբաջանյանը:
Անդրադառնալով վերջին օրերին կատարվող գործընթացներին՝ պատգամավորը նշեց, որ բացահայտում է ցավալի իրողություն, որը երևում է օտարերկրյա, հատկապես ռուսական եթերում:
«ԱԺ մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական եթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի պետականության նկատմամբ»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ սկզբում վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը, ըստ բանախոսի, լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլև հաղորդավարի ցնդաբանություններով, որը դատապարտելի գործելաոճ է: Շեշտեց՝ այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ նրանք թողնում են իրենց հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության հիշողությունից: