Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը:
Աջակցության նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Այսպիսով՝ աշխատողները շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը առնվազն մեկ օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են եղել տուժած ոլորտի գործատուի հետ, և եթե նույնիսկ տվյալ ժամանակահատվածում ընկերությունը լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը: Այդ տուժած ոլորտներում աշխատող անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված դրամական այլ վճարում, պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից:
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում և անկախ 2020 թվականի առաջին եռամսյակում իրացման շրջանառության չափից:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Աջակցության գումարը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Նախագիծը վերաբերում է շուրջ 36800 մարդու, որոնք կարող են իրենց դիմումներն ուղարկել երկուշաբթի օրվանից:
Նախարար Բաթոյանի փոխանցմամբ՝ նախագծով տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային, հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն՝ սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, այլ առարկաների վարձույթ, ստեղծագործական, արվեստի բնագավառ, խաղատների գործունեություն: