Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2020-ի «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան հայտնվել է այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքներն ամենավատ վիճակում են՝ գրում է Ermenihaber-ը:
Նշված երկրներն են՝ Բանգլադեշը, Բրազիլիան, Կոլումբիան, Եգիպտոսը, Հոնդուրասը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ֆիլիպինները, Թուրքիան և Զիմբաբվեն։
Զեկույցի համաձայն՝ աշխատավորների իրավունքներն առավելագույնս պահպանված են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Ուրուգվայում։
Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում արձանագրվել է, որ այս երկրում հաճախակի են դարձել արհմիությունների ներկայացուցիչների և աշխատավորների կամայական ձերբակալություններն ու հետապնդումները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ոստիկանությունը, գործատուներն ու կառավարությունը բռնությամբ ճնշում են աշխատավորների՝ ցույցեր ու ակցիաներ կազմակերպելու կամ արհմիություններ ստեղծելու փորձերը։
ITUC-ի տվյալների համաձայն՝ 2020-ին աշխարհում աշխատավորների իրավունքների ոտնահարումները վերջին 7 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն են գրանցել։ Անհամեմատ աճել են աշխատավորների իրավունքների սահմանափակումները, մասնավորապես՝ ցույցեր և գործադուլներ կազմակերպելու իրավունքը։ Նշված իրավունքի սահմանափակումներ են արձանագրվել ուսումնասիրված 144 երկրներից 85-ում։