Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդականի և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էր՝ հաղորդում են մարզպետարանից։
Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը։ Մարզպետը հանդիպել է և քննարկում է ունեցել բուժանձնակազմի, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ։
Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, այստեղ համավարակի խոշոր օջախային բռնկումներ չեն եղել։ Դա բուժաշխատողների գրագետ, նվիրված ու միասնական աշխատանքի արդյունքն է՝ նշել է մարզպետն ու խորին երախտագիտությունը հայտնել բժիշկներին:
Հաջորդ կարևոր և առավել մասշտաբային քայլը, ըստ մարզի ղեկավարի, լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը՝ նշել է մարզպետը և ավելացրել, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է:
Քայլ առ քայլ կյանքի կկոչվեն բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը՝ նշել է Պետրոսյանն ու ավելացրել՝ այժմ առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածք են փնտրում։ Նոր բուժկենտրոնը հագեցած է լինելու արդիական սարքավորումներով։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ընթացքում են։ Կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին:
Մարզպետը նաև նշել է, որ Կոտայքի մարզը Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է: