Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վերջին շրջանի հիմնական խնդրի՝ կորոնավիրուսի համաճարակի մասին քննարկմամբ: Վարչապետը նշեց, որ երեկ կրկին բարձր արդյունքն են ունեցել դրական թեստերի մասով, և դրա պատճառը հակահամաճարակային կանոնները համատարած չպահպանելն է:
«Մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ քաղաքացիները պիտի իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղ ունենան, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը ոստիկանության համար հեշտանա և ավելի արդյունավետ գործի:
Վարչապետը հայտնեց, որ դիմակ չկրելը և անձը հաստատող փաստաթուղթ չունենալը համարվելու են երկու առանձին վարչական իրավախախտում և երկու վարչական իրավախախտումով են արձանագրվելու:
«Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է պարտադիր հերթերը կարգավորեն: Համապատասխան հանձնարարական է ուղարկվել, բայց պետք է վերահսկել՝ որքանով է դա տեղի ունենում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ բանկերում կանոնների պահպանումը շատ կարևոր է, քանի որ մարդկային մեծ հոսքի հետ գործ ունեն:
«Հայփոստը», մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կետերը, ոստիկանության անձնագրային կետերը, վարորդական իրավունքների, պետհամարանիշների թողարկման կետերը, դրանց ղեկավարները պետք է իմանան, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար՝ նշեց վարչապետն ու հավելեց, որ վերլուծությունների համաձայն՝ համավարակի տարածման հիմնական աղբյուրները բանկերն ու մոտ հասցեներն են:
«Այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են: Ձևավորվել են համատեղ կարգախմբեր, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները: Կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների գների էական գնանկում, և ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ շուտով մեկ դիմակը հնարավոր կլինի ձեռք բերել 60-70 դրամով, և հիշեցնելով քաղաքացիներին, որ կրած դիմակը պաշտպանում է ոչ այնքան դնողին, որքան դիմացինին:
Վարչապետը նշեց նաև, որ երկրում վարակակիրների թիվը հասնում է տասնյակ հազարների, և մենք պետք է ցանկացածի հետ շփվելիս համարենք, որ գործ ունենք վարակակրի հետ:
«Հետևաբար՝ դիմակ չկրելու կոնտեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվելուց, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակելու: Մեր հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը: Որովհետև այս պայմաններում դիմակ չկրելը որոշակի անպատասխանատվության դրսևորում է ոչ այնքան սեփական անձի, որքան դիմացինի նկատմամբ: Ցավոք, ամեն օր մենք կորոնավիրուսից մահվան դեպք ենք ունեցել: Մահացությունների թիվը ուղղակի կապի մեջ է ընդհանուր թվի հետ: Այսինքն՝ ինչքան մեծ է դրական դեպքերի թիվը, այնքան մեծ է մահացության ցուցանիշը: Հետևաբար մեզնից յուրաքանչյուրը չվարակվելով ու չվարակելով՝ որոշակի կոնկրետ ազդեցություն ունի մահացության ցուցանիշի վրա»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրիս վարքագիծը նշանակություն ունի այս համավարակը հաղթահարելու հարցում: