Բարձրագույն դատական խորհուրդն ընդմիջումից վերադառնալուց հետո որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրեց, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել ընտանեկան անախորժության՝ մոր վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք: Վարդազարյանն ասաց՝ ԲԴԽ նիստում կա քվորում, բայց և հարցրեց կողմերի կարծիքը՝ նիստն այդ կազմով շարունակելու մասին:
Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է:
ԲԴԽ-ն քննարկելով ստեղծված իրավիճակը որոշեց հետաձգել նիստը, նշանակելով այն հունիսի 25-ին:
Նշենք, որ նախատեսված էր ընդմիջումից հետո Աթանեսյանի ելույթը, ԲԴԽ-ին պետք է պարզաբանումներ տար նաև ինքը՝ դատավոր Ազարյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Պատառը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ազարյանի կողմից դատական նիստում հնչեցրած վիրավորական արտահայտություններն են: Այսօր ԲԴԽ-ում նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը: