Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց Վարչական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներմուծվել է Վճռաբեկ դատարանում քննության գրավոր ընթացակարգ ներմուծելու հնարավորություն: Ըստ նրա՝ առկա կարգավորումներով դատարանում որոշում կայացնելու համար պետք է անպայման հրավիրվի նիստ: Հիմա ներմուծվում է գրավոր ընթացակարգ, որը, փոխնախարարի կարծիքով, արդյունավետ գործիք է: Գրիգորյանը մանրամասնեց՝ գործնականում մի շարք դեպքերում անհրաժեշտություն չի էլ առաջանում նիստում նոր բան պարզել, ամեն ինչ նիստից առաջ է տեղի ունենում:
«Ներկա համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներն ու արգելքները կան, և առաջարկվող նախագծով առաջարկում ենք ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակներում»,- ասաց նա: