Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ մեդիայի դերին:
«Նախկին իշխանությունները տոտալ վերահսկողություն սահմանեցին հեռուստաեթերի նկատմամբ՝ դրանք վերածելով վերահսկվող քարոզչամիջոցների: Դրա պայմանական մեկնարկը կարելի է համարել 1997 թվականը, որն ավարտին հասցվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության վերջնական ու ամբողջական զավթումից հետո: Գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների աշխատանքը տևական ժամանակ համակարգվել է Բաղրամյան 26-ում, նրանց մեծ մասը ֆինանսավորվել է օլիգարխների կողմից՝ ըստ էության տեղեկատվական պատերազմ վարելով երկրի ու հասարակության դեմ: Թվում էր՝ թավշյա հեղափոխությունից հետո այս դաշտը ևս պետք է փոփոխություն կրի:
Դրանք տեղի ունեցան: Բայց ոչ թե եթերի բովանդակությունն ու որակը փոխվեցին, այլ դրանց սեփականատերերն ու պատվիրատուները: Այսօր հեռուստաընկերությունների զգալի մասը պատկանում է նախկին իշխանություններին ու նրանց հետ փոխկապակցված սուբյեկտներին, որոնք շատ դեպքերում նույնանում են օլիգարխիկ շրջանակների հետ»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդպիսի հեռուստաընկերությունների եթերը ոչ թե այլակարծություն կամ քննադատություն է պարունակում, այլ ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններով է հեղեղված:
«Եթե 20 տարի շարունակ մենք գործ ունեինք իշխանության կողմից իրականացվող տեղեկատվական տեռորի հետ, ապա այսօր բախվում ենք մերօրյա դավաճանական շրջանակների տեղեկատվական տեռորին: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը կոչված է կարգավորելու ու կանոնակարգելու հենց այս խնդիրները: Օրենքի փլիսոփայությունն է՝ հեռուստաեթերը մաքրել կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունից, քաղաքական քարոզչությունից և այն վերադարձնել հասարակությանը՝ հանրային մուլտիպլեքսի միակ ու իրական սեփականատիրոջը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը: