Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ 17:00-ին: Այս մասին ասաց Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Դատարանում այսօր քննվում էր Մանուկյանի կալանավորման միջնորդությունը: Քննությունը հետաձգվեց, քանի որ նյութերը բազմածավալ են, հետազոտում ենք։ Եղել է ձերբակալված, դատարանը երեկ ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը։ Այսօր ինքնակամ ներկայացել է կալանքի միջնորդության քննության։ Նիստը նշանակվեց վաղը՝ ժամը 17։00-ին»,- հայտնեց Անանյանը։
Հարցին՝ արդյոք Մանուկյանը գործով վկայություն տվե՞լ է, փաստաբանն ասաց, որ տվել է և հավելեց, որ Մանուկյանն իրեն առաջարդված մեղադրանքը չի ընդունում։ Նա նշեց, որ առերեսում տեղի չի ունեցել:
«Որևէ վկա չկա, ով կասի, որ գումար է ստացել: Պարոն Մանուկյանը հերքում է հնարավոր ընտրակաշառք բաժանելու պրոցեսներին իր ներգրավվածությունը»,- հավելեց Անանյանը և նշեց, որ Մանուկյանը չցանկացավ խոսել լրագրողների հետ, քանի որ նրա սրտին սարք է տեղադրված։
Հիշեցնենք, որ 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):