Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագծի հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել՝ անկախ ծնողի՝ որպես վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:
«Սա նշանակում է , որ եթե անձը հանդիսանա վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի նպաստի չափը կկազմի երկուսի դեպքում՝ 53.000 դրամ, այսինքն՝ նախկին 26.500 դրամի մասին է խոսքը»,- հայտնեց նախարարը:
Մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը, խնամքի նպաստի իրավունք կունենա ծնողը, եթե բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով է հաշվառված ու բնակվում:
«Առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս: Նպաստի գումարը 6 ամսվա փոխարեն վճարել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար: 6 ամսվա փոխարեն կրկին առաջարկում ենք, որ դիմելու պահից ամբողջ ժամանակահատվածի համար վճարվի, եթե այն դադարեցված է եղել կամ չի վճարվել: Առաջարկվում է նաև վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ Հայաստանում գտնվելու պահանջը:
Նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում էլ առաջարկվում է հանել այդ պետությունում նպաստ նշանակված լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը: