Արցախի խորհրդարանից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:
Քննարկվել է 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանը, ներկայացնելով աշխատակազմի նախորդ տարվա պահպանման ծախսը, նշել է, որ այն կազմել է 561մլն 792 հազար դրամ, կատարողականը՝ 493 մլն 672 հազար դրամ, կամ 87,9%-ը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ պետական բյուջեից նախատեսվել է 600 մլն 956 հազար դրամ, կատարողականը՝ 588 մլն 898 հազար դրամ, կամ՝ 98%-ը:
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը 2019 թ. պետական բյուջեից հատկացվել է 341 մլն 623 հազար դրամ: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ներկայացմամբ՝ բյուջեի կատարողականը կազմել է 316 մլն 5 հազար դրամ, կամ նախահաշվի 92,5%-ը:
Ներկայացնելով արդարադատության նախարարության բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝ նախարար Սիրան Ավետիսյանը նշել է, որ այն կազմել է 353 մլն 259 հազար դրամ, ճշտված պլանը՝ 355 մլն 97 հազար դրամ, կատարողականը՝ 351 մլն 285 հազար դրամ, կամ՝ 98,9%-ը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի հաշվետվության համաձայն՝ դատական համակարգի ծախսերի համար պետական բյուջեից հատկացվել է 587 մլն դրամ, ծախսը՝ 575 մլն դրամ, կամ՝ 97,3%-ը:
Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի փոխանցմամբ՝ դատախազությունը հաշվետու տարում գրանցել է հատկացված միջոցների զգալի խնայողություն՝ 42 մլն 385 հազար դրամի չափով: Ընդհանուր՝ հաշվետու տարում գլխավոր դատախազությանը հատկացված 510 մլն 372 հազար դրամից դրամարկղային ծախսերը կազմել են 467 մլն 987 հազար դրամ, փաստացի ծախսերը՝ 466 մլն 265 հազար դրամ:
Հանձնաժողովների նիստը այնուհետև շարունակվել է Քննչական կոմիտեի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, նախքան հաշվետվությանն անցնելը նշել է, որ 2019 թ. հունիս 14-ին Ազգային ժողովն ընդունել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հուլիս 1-ից: «Քննչական կոմիտեն փաստացի սկսել է ձևավորվել 2019 թ. հուլիսից հետո, իսկ քննիչների տեղափոխումն այլ մարմիններից սկսել է օգոստոս ամսին»,- ընդգծել է Իգոր Գրիգորյանը: Անցնելով հաշվետվության ներկայացմանը՝ քննչական կոմիտեի նախագահը փաստել է, որ հաշվետու տարում քննչական կոմիտեի պահպանման համար պետական բյուջեից հատկացվել է 140 մլն 872 հազար դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 116 մլն 480 հազար դրամ:
Պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատի պահպանման համար, նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ՝ նախատեսվել է 143 մլն 880 հազար դրամ, փաստացի կատարողականը կազմել է 138 մլն 22 հազար դրամ, կամ՝ 96%-ը: Նախատեսվածի նկատմամբ տնտեսված գումարը կազմել է 5 մլն 857 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է՝ 137 մլն 779 հազար դրամ:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմի պահպանման համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 47մլն 452 հազար դրամ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 44 մլն 789 հազար դրամ կամ նախատեսված գումարի 94,4%-ը:
Քաղաքացիական ծառայության խորհրդին պետական բյուջեից 2019 թ. հատկացվել է 106 մլն 157 հազար դրամ: Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի ներկայացմամբ՝ կատարողականը կազմել է 102 մլն 960 հազար դրամ, կամ 97%-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ հաշվետու տարում ԿԸՀ-ին միջոցներ են հատկացվել երկու՝ «Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» և «Ընտրություններ» բյուջետային ծրագրերով, ինչպես նաև ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված նոր՝ ստորագրահավաքային աշխատանքների իրականացման և երեք համայնքներում տեղական ինքնակառավաման մարմինների արտահերթ ընտրություններ կազմակերպման համար:
ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ «Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով պետական բյուջեից նախատեսվել է 38 մլն 732 հազար դրամ, կատարողականը՝ 36 մլն 52 հազար դրամ, կամ՝ 93,1%-ը: «Ընտրություններ» բյուջետային ծրագրով նախատեսվել է 111 մլն 62 հազար դրամ, ծախսվել է 101 մլն 450 հազար դրամ կամ նախատեսվածի 91,4%-ը:
ԿԸՀ-ին հատկացվել է նաև 4 մլն 333 հազար դրամ ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտակերտի շրջանի Կիչան համայնքներում համայնքի ղեկավարի և Քաշաթաղի շրջանի Վան համայնքում համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև 2019 թ. ամռանը ստորագրահավաքային աշխատանքների կազմակերպման համար՝ 4 մլն 321 հազար դրամ կամ նախատեսվածի 99,7%-ը:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին: