«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ մասնակի բավարարելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ստանալու պահից 15-օրյա ժամկետում:
Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո:
Հիշեցնենք՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երկու միջնորդություն էր ներկայացվել, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր:
Միջնորդություններից մեկը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելուն: Պաշտպանները նաև միջնորդել էին ամբաստանյալին գրավի դիմաց ազատ արձակել:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անձնական երաշխավորությունը մերժելու մասով, և իրենց բողոքը բավարարվել է գրավի կիրառման մասով: Փաստաբանն աննախադեպ է որակել գրավի չափը:
Քոչարյանն այժմ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, հետվիրահատական բուժում է ստանում: