Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարը ներկայացրեց, որ վարակման օջախների առումով կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրում հնարավորություն ունեն վերահսկելու դիմակների կրումը, սոցիալական հեռավորություն պահելը, բայց բակային այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չէ և որտեղ դժվար է լինում այդ վերահսկողությունը իրականացրել, պետք է հենվել մարդկանց գիտակցության վրա:
«Սգո, ուրախությունների արարողությունների հավաքները նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում: Ես պարզապես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր նման անտարբերություն ցուցաբերել հենց մեր իսկ ծնողների, հյուրերի ծնողների նկատմամբ»,- ասաց նախարարը:
Թորոսյանը ներկայացրեց նաև, որ առավոտյան 9:00-ի դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացման, որից 25-ը տանն են: Նրանցից 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին:
444 քաղաքացի ծանր վիճակում է, իսկ 131-ը՝ ծայրահեղ ծանր, որից 39-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք: Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերջին օրերին հիվանդանոցների ընդլայնման մոբիլիզացիան ևս շարունակվում է: