Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը մեկնաբանեց, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ փոխելու օրենքը: Ըստ նրա՝ 2020-ի հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի ազատ թվային տիրույթների մրցույթները, քանի որ 10 տարով տրված հաճախականության օգտագործման լիցենզիաներն ավարտվում են այս տարի:
«Անհրաժեշտություն էր, որ այս օրենքը շատ ավելի շուտ ընդունեինք, քան կհայտարարվի մրցույթը: Նախ՝ որ նրանց համար հասկանալի լինեն այն խաղի կանոնները, որոնք շարադրվելու են այս նախագծում, և որ նոր մրցույթում հաղթած, նոր կանոններով գործող մեդիածառայությունները գործեին արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական կազուս չլիներ»,- նշեց Թևոսյանը:
Պատգամավորը նշեց, որ գործող օրենքն այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը, ՀՌՀ-ն էլ միտված է ապահովելու հեռուստառադիոընկերությունների ազատությունները, այնինչ իրականության մեջ կան ձևավորված համակարգեր, որոնք օրենքով չեն կարգավորվում:
«Ըստ երևույթին գործել են նույն հակաինստիտուցիոնալ ներքին համակարգային հարաբերությունները: Դե, մենք նորմալ ենք էս ուժի հետ, որ ունի հեռուստաընկերություն, վատ չենք էն մյուս ուժի հետ, որ ունի հեռուստաընկերություն, դե, տվել ենք և այլն: Ըստ էության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը մեծ մասամբ հենց այդպես էլ եղել է, և կարգավորող մարմինը բուտաֆորիկ դեր է ունեցել: Հիմա փորձելու ենք անցնել ինստիտուցիոնալ կարգավորման»,- նշեց Թևոսյանը:
Պատգամավորը նշեց, որ նոր նախագծով կունենան նոր մրցակցային միջավայր, որում աստիճանաբար կսկսեն տեսնել նաև որակական փոփոխություններ: