«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ քիչ առաջ ստացել են գրություն՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկով՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:
«Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից դեռևս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին Վանեցյանը կոչ է արել, որ ստեղծեն հանձնաժողով, ինչից հետո «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնել է գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը քննիչ հանձնաժողով գուցե ստեղծի և քննի, ես դրա մեջ նաև ասել եմ, որ պետք է դիտարկել նպատակահարմարության հարցը»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունն իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ՝ կապված Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:
Մարուքյանը հավելեց, որ հիմա քննիչ հանձնաժողով կազմելու դեպքում այն ձևավորվելու է սեպտեմբերին, հիմա չի կարող ստեղծվել ԱԺ կանոնակարգ օրենքով:
«Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ հանձնաժողովը նախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը»,- նշեց Մարուքյանը:
ՍԴ դիմելու հետ կապված ԲՀԿ-ի նախաձեռնության մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ չի տեսել դիմումը, հիմնավորման մասին չգիտի, բայց հիշեցրեց, որ վարչապետին է դիմել, որ պարետատան որոշումը վերանայվի և հնարավորություն լինի մարդկանց բողոքի ձայնը հնչեցնելու: