Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե գործազրկության ի՞նչ մակարդակ կա երկրում, ասաց.
«Կարևոր է այժմ հասկանալ, թե քաղաքացիների ո՞ր մասն է պահպանել աշխատանքը, բայց դրա դիմաց վարձարտություն չի ստացել: Այդ ուղղությամբ արդեն 3-րդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ձեռնարկություններին: Այս պահի դրությամբ՝ նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել, բայց վերջնական գնահատականների համար դեռ վաղ է, և երկու ամսից արդյունքների ամփոփումն ավելի ստույգ կլինի»,- ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը նաև հավաստիացրեց, որ մարտի 14-ից ամեն ինչ արել են աշխատատեղեր չկորցնելու համար, քանի որ համավարակով պայմանավորված՝ բիզնեսը ստիպված է եղել կրճատել ծախսերը:
«Պետական հատվածում նման բան չկա, առաջին միջոցառմամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա անտոկոս դրամական միջոցներ ստանա ու վճարի աշխատավարձ: Նույնն արել ենք երրորդ միջոցառմամբ, 5-րդ, 18-րդ և 21-րդ միջոցառումներով: Աշխատատեղերի պահպանման ուղղությամբ ամեն ինչ արվել է և մինչև օրս արվում է»,- ասաց Գրիգորյանը: