Իրավապահ մարմինների 19 աշխատակից Փարիզում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է, ավելի քան 30 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:
Անկարգություններն սկսվել են բուժաշխատողների խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում, որոնք տեղի են ունեցել նախ փողոցներում, հետո տեղափոխվել հրապարակ: Բախումները տևել են շուրջ 2 ժամ: Սև հագուստներով երիտասարդների մի խումբ քարեր, շշեր է նետել ոստիկանների ուղղությամբ, կողաշրջել ավտոմեքենա, փորձել է կոտրել ավտոբուսի ապակիները, այրել պատնեշները:
Ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկի վրա հարձակվել է ավելի քան 10 ցուցարար՝ ոտքերով հարվածներ հասցնելով նրան: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Սկզբում ձերբակալվել է 24 մարդ, ապա նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 32-ի: