2020 թ. մայիս ամսին քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում, առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են շինություններ մասնավորապես՝ բետոնահանգույց:
Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել: Վերը նշվածի արդյունքում համայնքում խախտվել է հողերի օգտագործման նպատակային նշանակությունը։
Համայնքում արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար Վերին Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու նպատակով։