Այս տարվա ընթացքում Գավառ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերում կկառուցվեն տարեցների համար խաղարաններ, կբարեկարգվեն Սուրբ Աստվածածին թեմական առաջնորդանիստ եկեղեցու և նրան հարակից տարածքների զբոսայգիները՝ Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը։
Այդ աշխատանքները կկատարվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է մոտ 32 միլիոն 848 հազար դրամ, որի
45 տոկոսը կամ 14 միլիոն 781 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
55 տոկոսը կամ 18 միլիոն 66 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը:
Այս ծրագրի իրականացման արդյունքում ժամանակակից տեսքի կբերվի Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Գավառ քաղաքի անձնագիր-հուշարձանի, Հայոց ցեղասպանության զոհերի Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները: Կկատարվի կանաչապատում, ծառատնկում, եզրաքարերի տեղադրում, իսկ Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում կկառուցվեն խաղարաններ, որոնք կլուծեն տարեցների ժամանցի խնդիրը:
Սուբվենցիոն հաջորդ ծրագրերով Գավառ քաղաքում կտեղադրվեն վեց կանգառներ և կհիմնանորոգվի մշակույթի պալատի մի հատվածը, որոնց համար նախատեսված գումարը կազմում է մոտ 32 միլիոն 400 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 580 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 820 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը:
Կանգառները կտեղադրվեն Գավառի կենտրոնական փողոցում, Արծվաքար և Հացառատ թաղամասերում: Սուբվենցիոն ևս մեկ ծրագրով կհիմնանորոգվի Գավառ քաղաքի մշակույթի տան մի հատվածը, որի ծրագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 38 միլիոն 111 հազար դրամ:
Գումարի 45 տոկոսը կամ 17 միլիոն 15 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 20 միլիոն 961 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում կփոփոխվի և կվերակառուցվի մշակույթի տան շենքի դիմային հատվածը, կհիմնանորոգվեն հանդերձարանները, սանհանգույցները և շենքի ձախակողմյան հատվածը: