Հունիսի 16-ին տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հերթափոխը՝ տեղեկացնում են Ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ առաքելություն կիրականացնի: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների՝ 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրիայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան: