ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից և ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված Պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաև առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Այս առումով առավել զգուշավոր ու բարեխիղճ են բանկերը։
Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների և ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ և այլն։
Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություններ կներկայացվեն պարետատուն:
ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ստուգայցերն ամեն օր են և ամենուր, ու հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները․ հանրային առողջապահական շահի տեսանկյունից դրանց պահպանումը կարևորագույն նշանակություն ունի։ Այլապես, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։