ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ ճիշտ տեղեկատվություն ստանալու խնդրին և լրատվական դաշտի տնտեսական և ֆինանսական կողմերին:
Պատգամավորը նշեց, որ ամբողջ աշխարհում և մեր երկրում լուրջ խնդիր կա՝ կապված «ֆեյքնյուզի» հետ:
«Ճիշտ տեղեկատվությունը երբեք անվճար չի լինում: Լրատվությունը թանկ արժե իրականում: Երբ սոցիալական ցանցերում մի քանի տասնյակ լրատվական միջոցներից օգտվելիս մարդկանց թվում է՝ անվճար են կարդում, դա էդպես չէ, մարդն այդ ինֆորմացիան կարդալու համար վճարում է իր ուշադրությամբ, լրատվամիջոցին այս դեպքում պետք է ստանալ մարդու ուշադրությունը, իսկ վճարը ստանում է ուրիշ տեղից: Եթե բիզնեսն է, էլի ընդունելի տարբերակ է՝ գովազդի միջոցով:
Բայց լինում է նաև, որ լրատվամիջոցին վճարում է քաղաքական թիմը: Եվ անվճար թվացող ինֆորմացիայի դիմաց լրատվամիջոցը ստանում է այդ կարդացողի, դիտողի ուշադրությունը, և օգուտը ստանում է այդ քաղաքական ուժը: Լրատվությունն էլ կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորողը: Իրականում մարդիկ ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են»,- նշեց Թունյանը՝ հավելելով, որ «ֆեյքնյուզից» ազատվելու հարցի անկյունաքարային լուծումը գրագիտության բարձրացումն է:
Պատգամավորը նշեց, որ հեռուստատեսային ոլորտի հասույթը 2019-ին 64.4 տոկոսով աճել է՝ կազմելով 12.2 միլիարդ դրամ:
«Ակնհայտ է, որ ՏՏ զարգացմանը զուգահեռ, երբ գովազդի գումարի մի մասը տեղափոխվում է կայքային տիրույթ, չէր կարող այսպիսի էական աճ լիներ: Սա նշանակում է, որ գործ ունենք ստվերային եկամուտների կրճատման հետ»,- նշեց Թունյանը՝ հավելելով, որ մարտ-ապրիլին բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, այս ոլորտում զրոյական վիճակ է, անկում չկա, ինչը նշանակում է, որ իրականին մոտ թվեր են ներկայացվել: Բայց պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այդտեղ քաղաքական փողը չի ներառվել: