Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
«Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին և՛ լրագրողները, և՛ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում` վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ ոստիկանություն` պարզելու բոլոր մանրամասները և ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Ոստիկանությանը հորդորում եմ ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին` պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար»,- գրել է պատգամավորը։