ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման եզրափակիչ ելույթում ասաց, որ օրենսդիրում իր ղեկավարած կառույցի հանդեպ դժգոհությունները հիմնականում կապված են հեռուստաընկերությունների կողմից քաղաքական ուժերի՝ գուցե ոչ հավասար լուսաբանման հետ:
Նա նշեց, որ դեռ 1990-ականներին տասնյակ լրատվամիջոցներ հարկի կամ անհարկի գրում էին ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Հակոբյանն ընդգծեց, որ մի քանի արկղ միայն իր մասին ունի պահած: Հավատացրեց, որ դա իրենց աշխատանքին չի խանգարել, ինչ հնարավոր է եղել՝ շտկել են. պատասխանատու էին ոչ թե պտտվող լուրերի, այլ իրենց գործունեության համար:
Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե 2019-ը համեմատում ես 2018-ի կամ 2017-ի հետ, երևում է, որ մարդկանց հետաքրքրությունները հեղափոխությունից հետո փոխվել են, և քաղաքական հաղորդումների տոկոսն ավելացել է եթերում, փոխարենը նվազել է կրթական, մշակութաին և մանկական հաղորդումների տեսակարար կշիռը:
«Մենք ուզում ենք, որ առաջին հերթին օրենսդրությունը բազային մեր արժեքների կարգավորումը տա, ոչ թե այս կամ այն պաշտոնյային քննադատել են թե ոչ»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը: