Չինաստանի մայրաքաղաքի երկու օդանավակայանը չեղյալ է հայտարարել հարյուրավոր թռիչքներ քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով:
Պեկինի իշխանությունները իրավիճակը մայրաքաղաքում անվանել են «ծայրաստիճան լուրջ», քաղաքի բնակիչներին կոչ է արվել հրաժարվել «ոչ խիստ անհրաժեշտ ուղևորություններից» և մնալ տանը: Ձեռնարկվում են լայնածավալ սահմանափակող միջոցներ՝ փակվում են Պեկինի բոլոր տարրական և միջին դպրոցները, ուսանողներն անցնում են հեռավար ուսուցման: Դադարեցվել են աշխատանքները համալսարաններում, չեն գործում ժամանցային ու սպորտային օբյեկտները:
Այս միջոցառումների պատճառը հանգստյան օրերին Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերված հիվանդության 27 նոր դեպքն է: Վերջին հինգ օրվա ընթացքում Պեկինում վարակվածների թիվը գերազանցել է 100-ը: Դրանք կապված են մայրաքաղաքի սննդի շուկաներից մեկում վարակի բռնկման հետ: