2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում կարողացել է ապահովել տարբեր տեսակետների ներկայացումը՝ խորհրդարանում «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմանը ի պատասխան, թե տարեկան հաղորդման մեջ տեղ չի գտել այն, որ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող քաղաքական բնույթի հաղորդումներից մեկում իշխանության ներկայացուցիչները մի քանի անգամ ավելի շատ են հյուրընկալվել, քան ընդդիմության ներկայացուցիչները, Հակոբյանը նշեց, որ խոսքը 2019-ի հաշվետվության մասին է, և խոսքը ոչ թե ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասար ներկայության մասին է, այլ կարծիքների բազմազանության:
«Կարևորն այստեղ ոչ թե տարբեր ուժերի ներկայությունն է, երբ քննարկվում են հասարակական պրոբլեմները, այլ այն բազմակարծությունը, որի մասին մենք նշել ենք: Ելնում ենք օրենքից, որով հանձնաժողովը հետևում է բազմազանությանը մեխանիկական, տոկոսային վերաբերմունքից և իրավասու չենք ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ»,- նշեց Հակոբյանը: