ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով համավարակի պայմաններում հեռուստաընկերությունների տեղեկատվության փոխանցմանը, հայտնեց, որ բավականին լավ աշխատանք է արվել: ՀՌՀ նախագահը նկատել է, որ այդ հարցում հեռուստաընկերությունները պատրաստակամ են եղել իրազեկման աշխատաքններում օգնել պարետատանը:
«Պարետատունը բոլոր տեսա- և ձայնային հոլովակները փոխանցում է մեր միջոցով, և հեռուստաընկերություններն այս երկու ամսվա մեջ՝ մարտի 20-ից սկսած, ցուցադրել են այդ հոլովակներն անվճար»,- ասաց Տիգրան հակոբյանը՝ ընդգծելով, որ հեռուստաընկերություններն իրենք էլ փորձել են իրենց կողմից իրազեկող անիմացիոն հոլովակներ պատրաստել:
Տ. Հակոբյանն ասաց, որ իրենք դիտարկում են նաև, թե լրատվական հաղորդումներն ինչպես են անդրադառնում համավարակի լուսաբանմանը, որից ևս ՀՌՀ-ն գոհ է: Ասաց՝ պարբերաբար մոնիտորինգ են արել և նկատել, որ հեռուստաընկերությունները փորձում են իրենց պրոֆեսիոնալիզմի սահմաններով իրազեկել քաղաքացիներին: Հակոբյանի խոսքով՝ համավարակի վերաբերյալ ապատեղեկատվության հիմնական աղբյուրը կարող են լինել հյուրերը: Հակոբյանը տեղեկացրեց, որ նման միջադեպ եղել է 20 օր առաջ, երբ կորոնավիրուսի հետ կապված խուճապ տարածելու համար հեռուստաընկերություններից մեկին տուգանեցին և զգուշացրին, որ նման բաներ չպետք է արվեն:
ՀՌՀ նախագահն ասաց, որ իրենց լիազորությունների սահմանում փորձում են ընդվզել, և նոր օրենքի ընդունմամբ էլ կտրվի խոսքի ազատության և մարդկանց օբյեկտիվ տեղեկություն ստանալու բալանսը: