Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հունիսի 16-17-ը աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում: