Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչ առաքելություն ունի «Կրոնական ազատության միջազգային ալյանսը», որն ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնություններից է, և որին Հայաստանը միացել է հունիսի 12-ին, ասաց, որ կրոնական ազատությունների հարցը միշտ առանցքային է եղել արտաքին քաղաքականության մեջ՝ մարդու իրավունքների առումով: Տեղեկացրեց, որ այն կազմակերպություն չէ, այլ միավորում է որոշ երկրների, որոնք աշխատում են այդ թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր նախաձեռնությամբ ու գերակայություններով:
Մնացականյանը հայտնեց, որ նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս աշխատել բարեկամ երկրների հետ և առաջ տանել ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը և տարբեր ծրագրերի, տարբեր երկխոսության ամրապնդմանը: Ընդգծեց, որ արտաքին քաղաքականություն իրագործելիս Հայաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ՝ Հայաստանը երբեք դա չի անում որևէ այլ գործընկերոջ հաշվին: Ասաց՝ բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին: