Ընդդիմադիր ուժերի համագործակցությանը շատ լավ եմ վերաբերվում, թող բոլորով հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո իշխանության հանդեպ դիմադրության մի քանի դեպքեր են եղել, և այդ փուլերը շարունակվում են, և եթե այդ բեկորները հավաքվեն, ապա, ըստ Սիմոնյանի, դա ավելի է ուժեղացնում իշխանությանը:
«Ի վերջո, քաղաքական դաշտը պետք է ազատվի նախկիններից, ընդդիմադիր դաշտը պետք է լցված լինի նոր մարդկանցով, որոնք հետագայում կփոխարինեն այսօրվա իշխանություններին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը եկել է, Սիմոնյանն ասաց, որ այդ զրույցի ժամանակն անցել է, և եթե նրանք փորձում են կրկին խաբել հանրությանը, իրենք թույլ չեն տալու:
ԲՀԿ-ի բոյկոտի վերաբերյալ խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ եթե վերադառնում ես խորհրդարանի դահլիճ, բոյկոտի իմաստը կորում է, ԲՀԿ-ն պետք է այլ քայլեր կատարի:
Սիմոնյանն անդրադարձավ նաև երեկ ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպին, լրագրողների նկատմամբ իրականացված գործողություններին՝ նշելով, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել, ինչը շատ կարևոր է և նրանց աշխատանքի բարձր գնահատականն է: Հարցին՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ էին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Եթե համարժեք լինեին, ներողություն չէին խնդրի»: