ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին ու քաղաքական հայտարարությանը:
«Որպես ապացույց «Բարգավաճ Հայաստանը» բերում է հունիսի 5-ի իր քաղաքական հայտարարության պատասխանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից, և սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Նախ, կարծում եմ՝ բոլորս պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն անհամարժեք է և չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլև չի համապատասխանում իրականությանը: Եվ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որևէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»,- նշեց Մակունցը:
Մակունցը նշեց, որ, իր գնահատմամբ, հունիսի 5-ին հնչած քաղաքական հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված մյուս բոլոր հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. առաջին՝ խոսվել է կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին արտակարգ դրության պայմաններում, և երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխության պահանջը փոխվել էր 100 տոկոսի:
«Երեկ նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու մասին և այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Հետաքրքիր էր նաև հետևել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների ելույթները այնպես էին ձևակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին: Իսկ մենք լուռ էինք: Պարզաբանեմ՝ ինչու: Որովհետև իրավական գործընթացին, «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե՛ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց որևէ ավելորդ ելույթների լսել և հասկանալ՝ ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ՝ անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին փորձում ընդդիմադիր գործընկերները այն ներկայացնել քաղաքական հետապնդում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ բոյկոտելը, ի վերջո, ընդդիրմության իրավունքն է:
Մակունցը նշեց, որ խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը ՀՀ կարևորագույն ձեռքբերումներ են, և դրա ապացույցը ԶԼՄ-ներում ու տարբեր հարթակներում քաղաքական թիմի հասցեին արվող քննադատությունն է, որը հաճախ նաև անձնական վիրավորանքներով է ուղեկցվում:
Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ վերջին շրջանում միտում կա բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ փորձելով ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա:
«Չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ Հայաստանում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցսական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»,- նշեց Լիլիթ Մակունցը: