Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լույկը հայտարարել է, որ երկիրը անհանգստացած է Գերմանիայում ամերիկյան զորքերը կրճատելու ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի ծրագրից:
«Եթե մենք խոսում ենք քաղաքականության մասին անվտանգության ոլորտում, ապա մեր հակառակորդները կարող են դա համարել սխալ ազդանշան»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ «դաշինքի համար Եվրոպայում այդ զորքերը շատ կարևոր են»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր պայմանը, որի համաձայն՝ Ամերիկան իր զորքերը դուրս չի բերի Գերմանիայից: Ըստ նրա՝ Բեռլինը պետք է ավելի շատ միջոցներ հատկացնի պաշտպանությանը և չխախտի ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական բյուջեների վերաբերյալ պայմանավորվածությունը:
Թրամփը նաև ասել է, որ մտադիր է Գերմանիայում ԱՄՆ զորքերի թիվը հասցնել 25 հազարի: Ներկայումս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կա 34,5 հազար ամերիկյան զինծառայող: