«Մեր երկրում ֆենոմենալ երևույթներ կան: Ու ամենաֆենոմենալն էն է, որ մենք ինչքան թափանցիկ ենք, էնքան մեզ անընդհատ ասում են՝ ինչու թափանցիկ չեք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան, թե որքան է թափանցիկ համարում կադրային նշանակումների և պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումներն ու դրանց հիմնավորումները:
Վարչապետը նշեց, որ ուժային կառույցներում նոր նշանակումների հաջորդ օրը եղած բրիֆինգում պատասխանել է փոփոխությունների պատճառների մասին հարցին, որ այն կապված է արտակարգ դրության պայմաններում պահանջները չպահելու կամ այդ կատարումը չվերահսկելու հետ:
«Էլ ինչքա՞ն թափանցիկ լինենք: Մնում է՝ սրանից հետո ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը»,- նշեց վարչապետը:
Նորանշանակ պաշտոնյաների արժանիքների մասին խոսելիս վարչապետը հիմնավորեց նշանակումները՝ բոլորի կատարած աշխատանքով իրենց կառույցներում:
«Էսօր ՀՀ-ում սկսած գյաջ քսողից մինչև մենեջեր, կա պրոֆոսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, որովհետև Հայաստանում կրթության համակարգը տոտալ ավերակ է: Որովհետև երկար տարիներ Հայաստանում չի եղել կրթական համակարգ: ՀՀ-ում, սկսած մանկապարտեզից, ավարտած բուհով, եղել է ընտրությունների կեղծման համակարգ: Սա չի նշանակում, որ լավ դասախոս, ուսանող, շրջանավարտ չի եղել, սա նշանակում է, թե կրիտիկական զանգվածը որտեղ է եղել»,- նշեց վարչապետը: