Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։
Իրավապաշտպան Երեմ Սարգսյան քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ 16:30-ին: Իրավապաշտպանը նշեց, որ պաշտպանները ժամանակ են խնդրել գործի մանրամասներին ծանոթանալու համար:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված:
Հիշեցնենք, հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։