ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի շենքի առջև նրան մոտեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Կարճ զրույցից հետո Գ.Ծառուկյանը մտավ դատարանի շենք:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված:
Հիշեցնենք, հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։