ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ 1000-ից ավելի համակիրներ իրենց զորակցությունը հայտնելու համար հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, բայց «ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել և անհամաչափ ուժ կիրառել»:
ԱԺ փոխխոսնակը, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, այն անմխիթար որակեց ու հայտնեց խմբակցության նախաձեռնության մասին:
«Մենք հարյուրավոր մահեր ունենք, քաղաքացիները դիմել են բուժհաստատություններ և ծանրաբեռնվածության պատճառով նրանց չընդունելով՝ երկու մահ է արձանագրվել: Մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամենը այս իրավիճակի հանգուցալուծումը ստանալու նպատակով: Մեր խմբակցությունը նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել և հանգամանալից քննարկելու է, որպեսզի բոլոր անգործունակները, այս ոլորտը ձախողած մարդիկ գան պատասխանատվության, ներկայացնեն իրական վիճակագրական տվյալներ»,- նշեց Էնֆիաջյանը:
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելեց, որ երկրորդ նախաձեռնությամբ խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքներ կազմակերպելու հետ կապված որոշման իրավաչափությունը:
«Այս երկու նախաձեռնությամբ մենք այսօր իսկ հանդես ենք գալու: Քննիչ հանձնաժողովի ձևավորման հետ կապված աշխատանքներն ու ՍԴ-ին դիմելու աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, կոչ ենք անում միանալ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներին, որ մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ»,- նշեց Տոնոյանը: