ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայատան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն հարցին, թե կա՞ն տվյալներ, թե հստակ քանի մարդ է թեստավորվել, քանի որ կան նաև մարդիկ, որոնք մեկից ավելի անգամ են թեստավորվում:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ, օրինակ, ուրբաթ օրվա դրությամբ 55.849 կոնկրետ քաղաքացի թեստավորվել է: Ասաց, որ լինում են նաև դեպքեր, որ մարդիկ ոչ միայն կրկնակի, այլ եռակի, նույնիսկ 10 անգամ են թեստավորվել, նման վիճակագրութուն որևէ երկրում չկա: Նախարարի խոսքով՝ նույնիսկ արվող թեստերի քանակն արդեն շատ երկրներ չեն հրապարակում: Հիմնականում հրապարակում են, թե քանի նոր դեպք է հաստատվել, և քանի մահվան դեպք, որպեսզի գնահատեն իրավիճակի ծանրությունը:
Թորոսյանը նաև ասաց. «Ասել, որ մենք անում ենք քիչ թեստ, միանշանակ սխալ է, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է չընդլայնենք թեստավորման մեր հնարավորությունները»: Նախարարը նաև ասաց, որ թեստերի թիվը ֆիքսել, թե ամեն օր պարտադիր այսքան պետք է անեն՝ չեն կարող, քանի որ դա ձևավորվում է ցուցումներից և այդ օրվա էպիդ վիճակից: Նախարարի խոսքով՝ նաև հաճախ լինում են կոլեկտիվ թեստավորումներ, եթե, օրինակ, կա որևէ բռնկում որևէ արտադրամասում: