ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այսօրվանից պարտադիր է դարձել տնից դուրս գալիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Պարետի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».
2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13- ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 6-ով» բառերը. բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ կետերով» բառերով. բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին»,- ասված է որոշման մեջ: