ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց ընդունելության գործընթացի մանրամասները: Նա հիշեցրեց, որ այս տարի բոլոր այն համայնքներում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունը կազմակերպվել է առցանց հայտագրումով:
«Այս տարի կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի, և մեր հաշվարկներով՝ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է կազմակերպվում շուրջ 25-27 հազար երեխայի համար: Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի «Հանրակրթության մասին» օրենքում կատարած փոփոխությունն առաջնահերթություն է տալիս երկու խմբի. այն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է դպրոցում, և այն երեխաները, որոնց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները աշխատում են դպրոցում:
Հունիսի 1-10-ը առցանց հայտագրման հնարավորություն է ունեցել այս խմբի 9247 երեխա, նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը: