ԱՄՆ-ի պատժամիջոցները հասան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա տիկնոջը:
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանում Բաշար Ասադի և նրա կնոջ՝ Ասմայի, ինչպես նաև Մուհամմադ Համշոյի՝ Սիրիայի խոշորագույն ձեռնարկատերերից մեկի նկատմամբ: Ասադի վրա տնտեսական և քաղաքական ճնշումներ գործադրելու նպատակն է նրան զրկել իր եկամուտներից և սիրիական ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծելու ու ոճրագործություններ կատարելու աջակցությունից»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ այսպես կոչված՝ Կեսարի օրենքով կամ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն վերաբերում հումանիտար օգնությանը: Վաշինգտոնը կշարունակի օգնություն տրամադրել նաև սիրիական կառավարության կողմից վերահսկվող տարածքներում: