ՀՀ ում օրենքի գերակայություն է, բոլորը, այդ թվում՝ ես, հավասար են օրենքի առջև: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն և դրան հաջորդած իրադարձություններին:
«Քաղաքական գործիչը կամ Ազգային ժողովի ներկայացուցիչը, պատգամավորը, պայմանական՝ նկատի չունենալով որևէ մեկին, չի կարող օրենք խախտել: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս պահին միայն այդ դեպքն է բացահայտվել՝ վստահ լինելով, որ մյուս դեպքերը նույնպես բացահայտվելու են:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Ծառուկյանի հետ առնչվող գործը բացվել է Կառավարության նախկին անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակում: «Այսինքն, չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության, ինչ-որ անձի հետ կապված: Հեղափոխությունից այս կողմ մեր իշխանության երեք առնվազն բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապված քրեական գործեր կան, և դրանք այսօր գտնվում են ընթացքի մեջ: Դա նո՞ւյնպես քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Սիմոնյանը: