Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին: Նա նշեց, որ այն բովանդակությունը, որը Կառավարությունը 2018-ից հետո դրել է Ղարաբաղի հարցի և տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա, և դա տեսանելի է միջազգային հանրության համար:
«Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը երկար ժամանակ վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Կարծում եմ, որ այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող էր այդ քաղաքականությունը պայմանականորեն լինել արդյունավետ:
Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով՝ առավելևս Արցախի հարցը ընկալելու սովորություն, մշակույթ չունի, և մենք ասել ենք, որ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի: Ու քանի որ այս հանգամանքների բերումով ռազմաշունչ տրամաբանությունը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի մեջ: Եվ Ադրբեջանի իշխանությունը սեփական ժողովրդին խնդիր ունի բացատրելու, թե ինչու արդյունքի չեն հասնում: Եվ այդ հարցին պատասխանելու համար ևս մեկ աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որ ավելի մեծ տպավորություն գործի իր ժողովրդի վրա»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իր կոչն Ադրբեջանի նախագահին մնում է նույնը և առաջարկեց, ի վերջո, համաձայնել իր առաջարկի հետ, որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար: