«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդության քննարկման եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ գիտակցում է իր պատասխանատվության աստիճանը՝ հավելելով, երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է քաղաքական հետապնդում խիստ սուբյեկտիվ գնահատականը:
«Միևնույն է՝ միշտ գործել ու գործելու եմ օրենքով սահմանված կարգով, օրենքի պահանջին խիստ համապատասխան, իսկ օրենքի պահանջը հետևյալն է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, և հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության: Ես շատ մանրամասն ներկայացրի միջնորդությունը, որը մաքուր իրավական փաստաթուղթ էր: Ես քրեադատավարական համարժեք փաստաթղթերի նման ապացույցներով միջնորդություն եմ ներկայացնում, որը թույլ կտա ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի այդ ապացույցները գնահատել և հետևության հանգել՝ իմ բերած միջնորդությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ»,- նշեց Դավթյանը:
Նախաքննական նյութերի արտահոսքի մասին ԲՀԿ-ական պատգամավորների պնդումներին ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշեց, որ ցանկացած ապօրինի արտահոսքի դեպքում քրեական վարույթ կիրականացվի, և բոլորն այդ մասին կտեղեկացվեն:
Գլխավոր դատախազը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել միջնորդությանը, որը հնարավորություն կտա Գագիկ Ծառուկյանին համապատասխան դատավարական կարգավիճակ տալով ներգրավել գործընթացի մեջ, իրականացնել լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ նախաքննություն, որը կլինի առավելագույնս հրապարակային և ընթացքով և արդյունքներով: