Միացյալ Նահանգներում պատմության ընթացքում չորրորդ անգամ հետաձգվում է համաշխարհային ֆիլմարտադրության ոլորտի ամենահայտնի՝ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության անցկացումը: Թեմային է անդրադարձել Al Jazeera-ն:
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի 2021-ի ապրիլի 25-ին՝ նախատեսված ժամկետից ութ շաբաթ անց: Մրցանակաբաշխության անցկացման հետաձգումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Նախկինում «Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է երեք անգամ՝ 1938-ին՝ Լոս Անջելեսում ավերիչ հեղեղումների, 1968-ին՝ Մարթին Լյութեր Քինգի սպանության և 1981-ին՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձի պատճառով: