«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրականում միայն առաջին հայացքից է երևում իրավական կամ քաղաքական գործընթաց: Դրանք կատարվողի միայն արտաքին բնութագրիչներն են, մինչդեռ իրականում երևույթները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր իրերի բերումով բարիկադների մի կողմում հայտնվել են մեր ինքնիշխանության դեմ կռվողներն ու ինքնիշխանությունը վաճառքի պատրաստ ուժերն ու գործիչները, մյուս կողմում՝ նրանք, ովքեր, ըստ պատգամավորի, գուցե ոչ այդքան հաճելի ու ցանկալի միջոցներով, սակայն պայքարում են հանուն Հայաստանում ինքնիշխանության:
«Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանն ամենամեծ վնասները հասցվել են 1997-98 թվականներից, երբ բռնազավթելով իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ երկրում հակաօրինական ու հակապետական ինստիտուտների ու կառուցակարգերի ստեղծմանը, որոնք իրենց էությամբ ու բնույթով ուղղված էին երկրի ինքնիշխանության դեմ։ Այդ համակարգերից ամենավտանգավորն ու ինքիշխանությանը ամենամեծ վնաս հասցրածը օլիգարխիան էր, որը կարճ ժամանակում սերտաճելով քրեական աշխարհի հետ՝ վերածվեց քրեաօլիգարխիայի՝ դառնալով հանցավոր իշխանության հիմնական հենարանը»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ դրան հաջորդած ավելի քան քսան տարիներին քրեաօլիգարխիան կազմաքանդեց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերը՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի, այդ թվում՝ օտար կենտրոններին ծառայելու պարտադրանքի առաջ։
Բաբաջանյանը նաև նշեց. «Վերջին ամիսներին էլ ականատեսն ենք դառնում, որ օլիգարխիան՝ զանազան հին ու նոր քաղաքական կամ պսևդոքաղաքական միավորների հովանու ներքո գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության։ Մենք տեսնում ենք օտար տերերին անմնացորդ ծառայելու պատրաստ ուժերի, անհատների մրցավազք ու շքահանդես, ովքեր հանուն Հայաստանում իրենց կորցրած դիրքերի վերականգնման ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարումը»:
Պատգամավորը հայտնեց, որ այսուհետ ԱԺ-ում ներկայացնում է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Ասաց՝ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները գնահատում են հենց ինքնիշխանության ու անկախության պաշտպանության համատեքստում՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր ու օրինական միջոցներով աջակցելու այդ պայքարին։